Մեր երկրում տեղի ունեցան ընտրություններ 18 համայնքներում, ուղիղ կեսում պարտվեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը։ Սա, կարծում եմ, շատ խոսուն փաստ է, որ քաղաքացիները դեմ են այսօրվա իշխանությանը։ Իհարկե՝ արդյունքները դժգոհելու որոշակի առիթ տալիս են, որ այս մարդիկ այսքան արհավիրք մեր երկրի գլխին բերելուց հետո դեռ կարողանում են ձայներ հավաքել, առավել ևս՝ ընտրվել։ Ասում են, եթե այսքանից հետո Սյունիքում Փաշինյանի կուսակցությունը ձայն է հավաքում, նշանակում է՝ սյունեցիները դեռ չեն հասկանում ամբողջությամբ, թե ինչ է կատարվում իրենց հետ։ Իհարկե՝ համայնքային ընտրություններով շատ բան եզրակացնել չարժե, որովհետև այստեղ կարևոր դեր ունեն առաջադրվածի ընկերական կապերը, գերդաստանի չափը, թեկնածուի անձնական որակներն ու կապերը։
Բայց մեղադրել ժողովրդին այդպես կտրուկ պետք չէ։ Ի վեջո, պետք է հաշվի առնել մի քանի հանգամանք՝ վարչական ահռելի ռեսուրսները, որ անխնա գործադրվել են, բռնաճնշումները, ձերբակալությունները, խուզարկությունները։ Ի վերջո՝ մենք ունեցել ենք զոռբայության բազմաթիվ օրինակներ։ Թալինում, օրինակ, հաղթել է ՔՊ-ն։ Հիշենք, որ ամիսներ առաջ ՔՊ-ն պարտվեց, բայց զոռբայությամբ համայնքապետ դարձավ ՔՊ թեկնածուն։ Թալինցին տեսնում է, որ մեկ է՝ ՔՊ-ն չի հաղթում, բայց քրեական տարրերով զավթում է աթոռը ու հնարավոր է՝ հենց դրա համար էլ ձայն են տվել՝ պերմանենտ ընտրական գործընթացքում չհայտնվելու համար։ Վանաձորում ՔՊ-ն պարտվեց, հաղթողին նստեցրին, Վարդենիսում նստեցրին, Բերդ համայնքում նստեցրին։ Վեդիում ի՞նչ տեղի ունեցավ, ՔՊ-ն պարտվեց, բայց զոռբայությամբ էլի իր թեկնածուին նստեցրեց։ Այսինքն, քանի կա այս որակի իշխանություն, ժողովրդի կամքը հաշվի առնող չկա։ Մի բան հստակ է՝ ամեն ընտրություն մարդկանց թշնամացնում է։
Կրկնում եմ՝ կարելի է մեղադրել քաղաքացիներին․ օրինակ՝ ընդամենը մի քանի օր առաջ ՀՀ տարածքից 8 հազար մարդ լքեց տունը, դարձավ փախստական, հատկապես՝ Սյունիքից։ Իշխանասարը համարյա հանձնել են, ու Իշխանասարից ՔՊ-ն ամենաշատ ձայնն է հավաքում, այն է՝ 35 քվե։ Էս մարդիկ քվեարկում են տեղահանման օգտին։ Ու ՔՊ-ն շեշտը դնում է հենց այդ Իշխանասարում տարած 35 ձայնի վրա, թե՝ տես ժողովուրդ, ես հանձնում եմ, բայց ինձ կողմ են։ Իհարկե՝ չի ասում որ այնտեղ գրեթե մարդ չի մնացել, թե չէ հակառակ պատկերը կլիներ։
Բայց, ժողովուրդ, պետք է ոչ թե նեղանալ ժողովրդից այս ընտրության արդյունքների համար, այլ պետք է աշխատել ժողովրդի հետ։ Պետք է ՀՀ քաղաքացու հետ աշխատել՝ անուն առ անուն, քաղաքացի առ քաղաքացի։ Այո, պետք է կրթել, զարգացնել, սովորեցնել քաղաքացիական կեցվածք, վերլուծական կարողություն։
Կրկնում եմ՝ ՏԻՄ ընտրությունների արդյունքները վերլուծելու համար են, լավ կլինի որ ընդդիմադիր կեցվածով գործիչները հենց վերլուծեն, հասկանան, ու մեկ օր էլ դուրս գան ֆեյսբուքներից ու գնան իրականում ժողովրդի հետ շփվելու և աշխատելու։ Ամեն պարագայում, իշխող ուժը համայնքների կեսում պարտվել է, ինչը ցուցիչ է թե՛ աշխատանքի, թե՛ քաղաքացիական գիտակցության։
Մեկ այլ խայտառակության մասին երեկ իմացանք․ դա, իչպես և ընտրությունների արդյունքները, շատ վատ տեսակյունից են զգացնել տալու։
Երկու քուրդ ազատամարտիկ, որոնք Թուրքիայի իշխանության դեմ են պայքարում, բռնաճնշումներից խուսափելու համար, 2021թ․ փախչում են Հայաստան։ Հայաստանում նրանք դատապարտվում են 7 տարվա ազատազրկման։ 2022 թվականի փետրվարին Հայաստանի վերաքննիչ դատարանը նրանց պատժաժամկետը կրճատում է, մեղմացնում ու բաց է թողնում։ Հայաստանը նրանց հետ է հանձնում Թուրքիային։ Այն դեպքում, երբ դատարանում էս մարդիկ հայտարարում են, որ իրենք Թուրքիայում հետապնդվում են, քանի որ իրենք քուրդ են և եթե հայտնվեն Թուրքիայում, իրենց վերջը կլինի։ Չնայած այս ամենին, Հայաստանը հանձնում է։ Այս քայլը խիստ դատապարտելի է, բոլորը քննադատեցին, այդ թվում ու առաջին հերթին քրդերը։
Հիմա ԱԱԾ-ն ասում է՝ մենք չենք հանձնել, արդարադատության նախարարությունը ասում է՝ մենք չենք հանձնել, էս մարդիկ իրենք իրենց չեն հանձնվել, բա ո՞վ է հանձնել։ Հայաստանը, փաստացի, համագործակցում է Թուրքիայի հետ։ Էն որ ասում ենք Հայաստանը լցված է թուրքի գործակալներով ու նրանք մինչև կառավարություն հասնում են, այ հենց էս օրինակով կարելի է վստահ պնդել։ Ինչի՞ չեք ուղարկել երրորդ երկիր, ինչո՞ւ հենց Թուրքիա՝ իմանալով, թե ինչ է այդ մարդկանց սպասում։ Որովհետև Թուրքիայի պահա՞նջն է եղել։ Ասում են Նիկոլը խնդրել է, որ էդողանն իրեն ընդունի։ Կարող է սա՞ էր գինը։ Թուրքիայի ազգային հետախուզական կազմակերպությունը հայտարարել է, որ բռնվել են հայկական սահմանային գծում իրականացված գործողության արդյունքում։ Հիմա թուրքերը Հայաստանում էդ ի՞նչ գործողություն են արել, որ սահմանից ներս են մտել։
Գիտե՞ք, այս իշխանությունը կապերը քանդելու փայլուն մասնագետ է։ Նրանց հաջողվեց քանդել Իրանի հետ մեր դարավոր դրական կապերը, Ռուսաստանի հետ կապերը, արդեն չունենք բարեկամ պետություն։ Հիմա քանդում են նաև կապերը քրդերի հետ, որոնք ունեն մեզ հետ բարեկամական հարաբերություն։ Քրդերը մեր թշնամի Թուրքիայի մեջ հզոր են, շուտով իրենք իրենց հետևողական քայլերով պետություն են ստեղծելու, ի տարբերություն Հայաստանի, որի ղեկավարությունը հետևողական քայլերով կործանում է պետությունը։
Ու այսօր արդեն Նիկոլ Փաշինյանին հաջողվում է ձեռք բերել հակառակորդներ ու թշնամիներ։ Այս խայտառակությունը, վստահաբար, վատ է անդրադառնալու մեզ վրա։
Վաղը չեմ բացառում Հայաստանը թուրքիային ու Ադրբեջանին հանձնի բոլոր նրանց, ովքեր Ադրբեջանի կողմից հետախուզվում են՝ սկսած Արցախյան առաջին պատերազմից, մյուս օրը կհանձնի բոլոր հականիկոլականներին։
Կարճ ասած՝ քաղպայմանագրի իշխանության պատճառով Հայաստանն արդեն մերժված պետություն է ողջ աշխարհում։ Եթե նա հետաքրքրում է, ապա միայն արևմուտքին, այն էլ՝ ընդդեմ Ռուսաստանի և Իրանի պայքարելու համար։ Այս ամենը տեսնում ու վերլուծում են նաև մեր թշնամիները։ Հայաստանը կորցնում է տարբեր երկրներում իր դաշնակից գործիչներին․ այսօր նրանք դեռ Հայաստանի կողքին են միայն Սփյուռքի շնորհիվ, սակայն տեսնում ենք, որ Սփյուռքին էլ են սրանք նեղացնում։ Հայաստանում իշխանության ղեկին է թրքասեր զանգվածը, ասում են Թուրքիան գործակալական ցանցեր ունի մեր երկրում։ Այդ գործակալական ցանցերը ժողովրդի մեջ տարածում են հակապետականություն։ Ու նաև դրա արդյունք են այս ընտրությունների արդյունքները։
Սևակ Հակոբյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը